ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ՊԵԿ աշխատակիցները իրենք են որոշում՝ աշխատանքից հետո գնալ- մասնակցե՞լ հանրահավաքի, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր կողմից որևէ աշխատակցի հանրահավաքի մասնակցելու ցուցում չի տրվել:
Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ևս մասնակցել է նախորդ հանրահավաքին: Հարցին՝ եթե չմասնակցեր, իր համար խնդիրներ կարո՞ղ էին առաջանալ, նա նշել է.
«Բացարձակ: Ի՞նչ նկատի ունեք՝ խնդիրներ ասելով, ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է այդ հավաքին ներկա գտնվել: Ոչ: Ես իմ կամքով եմ գնացել»:
Լրագրողները հիշեցրել են՝ վարչապետը ժամանակին հայտնում էր, որ ՀՀԿ-ն վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց է բերում հանրահավաքների, սակայն այժմ ինքը նույնն է անում: ՊԵԿ նախագահն ասել է.
«Ես չունեմ նման տեղեկություններ, ես պետական մարմնի ղեկավար եմ, եթե լիներ նման դեպք, տեղյակ կլինեի: Վարչական ռեսուրսի կիրառում էր, երբ մարդկանց բռնի ուժով էին մասնակից դարձնում հանրահավաքներին, իսկ ես գնացել եմ իմ կամքով»:
Հարցին՝ ՊԵԿ նախագահն այդքան ժամանակ ունի՞, որ մասնակցում է երեք ժամ տևող հանրահավաքի, արդյո՞ք խնդիրներ չկային լուծելու, որ ժամանակն այդ նպատակին ծառայեցներ, Հովհաննիսյանը, շեշտելով, որ խնդիրները լուծվում են, պատասխանել է.
«Թույլ տվեք՝ ես որոշեմ, թե իմ ժամանակը որքան է ազատ, որքան՝ զբաղված, և իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել: Հանրահավաքը երեք ժամ չի տևել, ես այդքան ներկա չեմ գտնվել»:
--00--ԱԹ