ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Մայիսի 22-ին մեծն մաեստրո, ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրը կդառնար 97 տարեկան։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:
1955 թվականին Ազնավուրն առաջին անգամ ելույթ է ունեցել «Օլիմպիա» դահլիճում, ինչից հետո ֆրանսիական մամուլը գրել է8. «Ֆրանսիան ազնավուրացված է»։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մեծն շանսոնյեն հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թվականին Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլան, ստեղծել են «Ազնավուր» հիմնադրամը, որի առաջին նախագիծը «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է Երևանում:
2009-ին Ազնավուրը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009-ի մայիսի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին: Մահվան պատճառը թոքերի այտուցն էր։
Ազնավուրը 1000-ից ավելի երգի ու հիթերի հեղինակ է. «Բոհեմը», «Ավե Մարիա», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Մաման», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր» և այլն։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Ազնավուրը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարին» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլ ֆիլմերում:
Ազնավուրի հիշատակին ազգային Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»:
--00—ԼՄ