ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Սպասում եմ բոլորիդ...»,- գրել է նա:
Նշենք, որ հունիսի 21-ին Ստեփանակերտում արցախցիները բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նա, ըստ ցուցարարների, չի ներկայացնում Արցախի շահերը։
--00—ԼՄ