ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ադրբեջանցիների կողմից Գեղամասարի որոշ սահմանային հատվածներում դիտավորյալ առաջացրած հրդեհները հիմնականում մարված են, բայց դեռ տարածքում շարունակում է ծխալ, հնարավոր է՝ ուժեղ քամիները նորից հրդեհ առաջացնեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամաար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել մեր կողմ, իսկ չոր խոտի դեպքում մեկ կայծը բավական է, որ հրդեհ լինի: Կրակը բռնկվել է Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերի սահմանի ամբողջ երկայնքով»,- նշեց նա:
Համայնքի ղեկավարը, խոսելով հրդեհի հետևանքով առաջացած վնասերի մասին, ասաց, որ վնասների չափը ճշտվում է, երկուշաբթի վնասների չափի մասին ամբողջական տեղեկություն կունենան և կներկայացնեն մարզպետարան ու Կառավարություն՝ փոխհատուցում ստանալու համար:
«400 հեկտարից ավել տարածք վառվել է: Հրդեհի պատճառով առաջացել է խոտի պակաս, ինչը լուրջ խնդիր է անասնապահության մեջ: Խոտի գինը 2000-ից 2200 դրամ է, գյուղացիների համար գնելը ձեռնտու չէ, հնարավորություն չունեն այդքան խոտ առնելու, անասուն պահելու: Իմ կարծիքով՝ Կառավարությունը գյուղացիներին պետք է օգնություն ցույց տա, որպեսզի մարդիկ չհուսահատվեն և լքեն գյուղը, պետք է նրանց ապրուստի համար հնարավորություն ստեղծվի»,- ընդգծեց Ավետյանը:
Նշենք, որ օգոստոսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում:
ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք:
24News-ի հետ զրույցում Կութի գյուղապետարանի աշխատակից Ատոմ Ղարիբյանը նշել էր, որ Կութ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանցիները այրել են 100-120 հեկտար տարածք: Նա նշել էր, որ գյուղացիներից մեկը խոտը հնձելիս տեսել է, թե ադրբեջանցիների կողմից ինչպես է մեկն իջել սահման և հրդեհել: Նա հայտնել է, որ հիմնականում վառվել են խոտարքները և հյուսիսարևելյան հատվածի արոտավայրերը:
--00--ԱԹ