Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

հուշադրամ

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը:

Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ. տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ն: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։

Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը: Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Դիմերես՝ ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին: Դարձերես՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները



Անվանական արժեքը 5000 դրամ



Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 168,1 գ

Տրամագիծը 63,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ/համարակալված

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2021

--00—ՄՀ