ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Հրապարակ»-ը գրում է.
«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել է ընդհատակ։ Նրան առաջ բերեցին նոյեմբերի 9-ից հետո՝ որպես ժամանակավոր վարչապետի թեկնածու, որը պետք է մեկ տարի պաշտոնավարեր` կազմակերպեր ընտրությունները եւ հեռանար: Բայց երբ փողոցային պայքարը ձախողվեց, եւ իշխանությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, Մանուկյանն ինքնաբերաբար դուրս մղվեց ասպարեզից։ Նա դեմ էր ընտրություններին և կարծում էր, որ դա սխալ ճանապարհ է:
Հիմա գրեթե չի շփվում, հարցազրույցներ չի տալիս, զանգերին չի պատասխանում: Ասում են՝ նեղացած է Քոչարյանից ու մյուսներից, որ իրեն չլսեցին եւ համաձայնելով իշխանությունների սցենարին` նպաստեցին նրանց վերարտադրությանը, ուստի որոշել է որեւէ բանի չխառնվել։ Մեզ ասացին` հիմնականում զբաղված է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբով, որը նույնպես պասիվացել է, միայն գրասենյակն է ֆորմալ գործում` «Իմպերիում պլազա» հյուրանոցում, Ամիրյան փողոցում։
Վազգեն Մանուկյանի՝ «Հայրենիքը փրկելու» շարժման արդյունքում ստացած միակ «քյարը», փաստորեն, եղավ քրեական գործը, որը հարուցվել է հարթակից «իշխանությունը զավթելու» կոչեր հնչեցնելու համար։ Սեպտեմբերի 22-ին այս գործով հերթական դատական նիստն է, որին, ինչպես տեղեկացանք, Մանուկյանը բարեխղճորեն ներկայանում է»:
--00--ԱԹ