ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար, 2018-2020թթ. պաշտոնավարած Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Տոնոյանի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց՝ դատարանը որոշել է, որ Տոնոյանը պիտի կալանավորվի:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս գործի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։
--00--ԱԹ