ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Ս.թ. սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին, որին ներկա էին ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության և այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Ընդունելության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը: Այնուհետև դեսպան Մակունցն իր ելույթում անդրադարձ կատարեց անկախության երեսուն տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնահատուկ կարևորելով վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանում:
Դեսպանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերջնական կարգավորումը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց ամերիկյան կողմին՝ այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիներին հայրենք վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:
Ելույթում շեշտադրվեցին նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը միտված քայլերը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում:
Պետքարտուղարի տեղակալ Ու. Զեյան իր ուղերձում անդրադարձավ 44-օրյա պատերազմին՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և ընդգծելով ռազմագերիների ու գերեվարված այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Նա կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տկն․ Զեյան անդրադարձավ նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով վերջին շրջանի ձեռքբերումները:
Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփիրը խոսեցին երկու երկրների միջև առկա հարաբերությունների ակտիվացման, Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:
--00--ԱԹ