ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն այցելել է Ռիգա և Ստոկհոլմ ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ-ի վեհաժողովներին մասնակցելու համար, ուր տարբեր հանդիպումներում քննարկել է ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այս օրերին Ստոկհոլմում է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, իր ելույթներում ու առանձին հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին:
«Մենք կոչ ենք անում կողմերին լուծելու այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը, և շարունակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո աշխատանքը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման»,- ասել է Բլինքենը:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի վեհաժողովի իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է՝ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը:
«Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել մարդասիրական, այդ թվում և կալանավորվածների, ականազերծման, անհետ կորածների հարցերում, հետաքննելով մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին»,- ասել է նա:
Այս ուղղությամբ պետքարտուղար Բլինքենը պատրաստակամություն է հայտնել աշխատել միասնաբար, ներառյալ Ռուսաստանի հետ՝ շարունակական առաջընթաց ապահովելու համար. Բլինքենն այս թեման շոշափեց նաև Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ համատեղ մամլո ասուլիսին:
«Կովկասի վերաբերյալ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Շատ աշխատանք կա անելու, որպեսզի փորձենք հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և արդարացի ավարտին:
Հուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել նաև այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարը: Բլինքեն-Լավրով հանդիպումից հետո պետքարտուղարության տարածած մամլո հաղորդագրությունը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական հիմնախնդիրն ընդգրկվել է հանդիպման օրակարգում:
Մանրամասները՝ այստեղ։
--00—ԼՄ