ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
«Քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, մենք նյութերին ծանոթացել ենք և տեսել, որ ոչինչ չկա։ Միջնորդել ենք քննիչին, որպեսզի քրեական հետապնդումը դադարեցվի, սակայն միջնորդությունը մերժվել է: Պատրաստվում ենք այդ մերժումը բողոքարկել դատախազությունում»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավո»-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։
Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշներով։ Խոսքը մոտ 2,277,323,840 ՀՀ դրամի մասին է։
--00--ԿԿ