ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել պատգարակով: Օպերատիվորեն ժամանել են ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը: Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ՍԳ