Ադրբեջանի էներգետիկ ահաբեկչությունը՝ Արցախում. Արցախ-Ֆրանսիա բարեկամության խումբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

106731

Ս/թ մարտի 8-ից ի վեր, Ադբրեջանի կողմից իրականացվող սաբոտաժի պատճառով Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են գազի մատակարարումից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախ-Ֆրանսիա բարեկամության խումբը:

Հայտարարության տեքստում ասվում է. «Վնասելով գազատարը, որն անցնում է իրենց կողմից վերահսկվող տարածքներով՝ ադրբեջանական ուժերը 11 օր շարունակ կտրել են Արցախը էներգիայի մատակարարման աղբյուրից անսպասելի խիստ ցրտի պայմաններում, վերանորոգել են գազատարը մարտի 20-ին եւ կրկին փակել գազի մուտքն Արցախ վերանորոգման հենց հաջորդ օրը:

«Հատկանշական է նման գործելակերպի ցուցադրական դաժանությունը, քանի որ այս սաբոտաժը մտածվել է, ծրագրվել եւ իրականացվում է Արցախում օդի ներկայումս բացասական ջերմաստիճանի պայմաններում։ 120 հազար արցախցիների՝ տղամարդկանց, կանանց եւ երեւաների, զրկելով էներգիայից եւ առաջին հերթին ջեռուցման միջոցից՝ Ալիեւի վարչակարգը պատերազմական նոր հանցագործություն է գործում», - նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին՝ հիշեցնելով, որ «նույնիսկ Ուկրաինայում գազատարերը շարունակում են գործել»:

Բարեկամության շրջանակը շեշտում է, որ հոգեբանական պատերազմի ադրբեջանական այս նախաձեռնությունները ոչ միայն խախտում են Բաքվի իսկ ստանձնած հանձնառությունները 2020 թվականի նոյեմբերին կնքված զինադադարի շրջանակում, այլ նաեւ ի չիք են դարձնում նրա այն պնդումները, ըստ որոնց Ադրբեջանն իր կազմում կհարգի Արցախի հայության արժանապատվության, կյանքի եւ անվտանգության հիմնարար իրավունքները: Ընդհակառակը՝ այս նոր պատահարը կրկին անգամ ցույց է տալիս, որ Ալիեւի վարչակազմը ոչ միայն նախատեսում է բռնակցել Արցախը, այլ ցանկանում է ոչնչացնել բնիկ հայ բնակչությանը:

«Ես պատասխանատվության կոչ եմ անում նախագահ Մակրոնին եւ ֆրանսիական կառավարությանը: Մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչված է օժանդակել կողմերին՝ լուծելու համար հակամարտությունը: Ուստի Ֆրանսիան պետք է անաչառ, արդար եւ արդյունավետության մղող մոտեցում որդեգրի՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ պատժամիջոցներ ձեռք առնելով այդ երկրի վարչակարգի դեմ»,-  իր վրդովմունք է հայտնել Ֆրանսուա Պուպոնին:

Բարեկամության շրջանակը վստահ է, որ Ֆրանսիան եւ Եվրոապական Միությունը, որոնք չեն վարանում պատժամիջոցներ կիրառել այնպիսի մեծ տերության դեմ, ինչպիսին Ռուսաստանն է, չեն կարող այսօր ձեռնպահ մնալ պատժամիջոցների կիրառումից ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք հատկապես աչքի են ընկնում իրենց ինքնակալ բնույթով եւ ահաբեկում են Արցախի հայությանը: Դա չանելը կվնասի Մինսկի Խմբի դերի վերականգմանը, քանի որ վերջնականապես կապացուցի արցախահայերին հակամարտության լուծման նրա անկարողությունը և անօգտակարությունը:



--00—ՀԶ