ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia կազմակերպությունում:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր-անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:
Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:
Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:
Նշենք, որ Սոնան Արարատի մարզից էր, ամուսնացել և ապրում էր Երևանում։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի, նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
--00--ՀԶ