ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական և տևական խաղաղությունը կարող է հաստատվել միայն համակողմանի լուծումների արդյունքում, և դրա համար իրական ու անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումներից հետո այսպիսի տեսակետ ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, որի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով Երևանում է:
«Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի լավ հասկանալու այն մտահոգությունները, որ Հայաստանը ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության, մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս: Մեր այցը շատ հստակ ցուցիչ է այն կարևորության, որը մենք, որպես Եվրամիություն, վերագրում ենք ամբողջ Հարավային Կովկասին», - հայտարարեց Մքալիսթերը:
Տվյալ համատեքստում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահը կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններում:
«Այս նախաձեռնության շրջանակներում վարչապետ Փաշինյանը ապրիլին և մայիսին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ», - հիշեցրեց Մքալիսթերը՝ հավելելով. « Մենք հուսով ենք, որ Եվրամիության ներդրումը օգտակար կլինի երկարատև խնդիրները լուծելու և տևական խաղաղության հաստատման ճանապարհը հարթելու գործում»:
Դեյվիդ Մքալիսթերը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը արտահայտել է իր տեսակետը թեմայի վերաբերյալ ընդունված մի քանի բանաձևերով: Մասնավորապես՝ 2021 թ. մայիսին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև հայ ռազմագերիներին մասին՝ Ադրբեջանից պահանջելով առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Իսկ 2022 թ. մարտի 10-ին ընդունել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով:
--00--ԱՀ