ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, 24News
«Հայրենասիրությունը առաքինի մարդու առաջին արժանիքն է»
Նապոլեոն
Սերն առ Հայրենիք չի կարող տարալուծվել հեղուկի մեջ, կամ ցնդել օդում։ Այն պարտադրանք ունի առարկայանալու իրական գործի տեսքով և վերածվելու կայուն հիմքի՝ այդպիսով դնելով պետականաշինության հարատև աշխատասիրության սկիզբն ու շարունակությունը։
Եվ երբ որ սիստեմը համակարգային խաթարման է ենթարկվում ու չի իրականացնում իր վրա դրված պատասխանատվությունը, ապա առաջ է գալիս անձերի անհատական դրսևորման պահը։
Ահա այսպիսի իրավիճակում է, որ Սուրեն Պետրոսյանը՝ այս հրաշալի երիտասարդը, մեր ընտանիքի լավագույն բարեկամը, իր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ գնացել և կանգնել է այն որոշիչ խաչմերուկում, որտեղով անցնում է Հայաստանը Արցախի հետ կապող երակը։
Սուրենը հեռու է արկածախնդրությունից և էժան պոպուլիզմից, անպտուղ դեմագոգիայից։ Նա սթափ և կշռադատված մարդ է, ով իր տարիքի համար բավականին փորձ ունի և պատասխանատվության բարձր մակարդակ։
Նկարում՝ Սուրեն Պետրոսյանը պատմում է Աղավնոյի դեպքերից
Սուրենի այս քայլը նպատակաուղղված է անհամաձայնություն հայտնելու կռծոտվող հայկականության համատարած քաղաքականության դեմ, ցույց տալու, որ երկիրը պահում են եղածի համար կռիվ տալով, որ պարտքի զգացումը լոկ զգացողություն չէ, այլ հստակ դրսևորում։ Ինքը մարտահրավեր է նետել անտարբերության այն մթնոլորտին, որի ծածկույթի տակ հանձնվում է պետությունը և նրա առավելությունները։
Ես ողջունում է Սուրեն Պետրոսյանի՝ մեր օրերի ասպետի այս վարքագիծը, հայտնում իմ սատարումը և խնդրում եմ անտարբերությամբ չվերաբերվել նրա կատարածին։
Վաղվա Հայաստանը ուրվագծվում է այսօր։
Չմոռանանք, որ կայծից կարող է հրդեհ բռնկվել։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյան
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն ավելի քան մեկ շաբաթ իր մանկահասակ դուստրերի և կնոջ հետ մեկնել է Աղավնո՝ փորձելով խափանել այդ բնակավայրն ու Բերձորը Ադրբեջանին հանձնելու որոշումը։