ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Համալսարանական 3 հիվանդանոցում` «Հերացի», «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում 2022 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 7098 վիրաբուժական միջամտություն, որը 15%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Վիրահատությունների թվի աճ է արձանագրվել «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, որը հիմնականում սպասարկում է մինչև 18 տարեկան երեխաներին:
Այսպես, հաշվետու ժամանակահատվածում մանկական հիվանդանոցում կատարվել է 1686 վիրահատություն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվերին 30%-ով: Նույն ժամանակահատվածում «Հերացի» թիվ 1 և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցներում վիրահատությունների թիվը ևս ավելացել է:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում ամենից շատ վիրահատություններն իրականացվել են ընդհանուր վիրաբուժության, ապա ուրոլոգիայի և անոթային բաժանմունքներում:
«Հերացի» վերլուծականի կողմից ամփոփված ցուցանիշները վկայում են այն մասին, որ վիրաբուժական ծառայությունները համալսարանական հիվանդանոցներում ընդլայնվում են և զարգանում` հօգուտ բուժառուների առողջության պահպանմանը, կյանքի որակի բարելավմանը:
Նշենք, որ ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցներում գործում են մեծերի և երեխաների վիրաբուժական ծառայություններ, որտեղ աշխատում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ, առաջատար վիրաբույժներ:
Համալսարանական վիրաբուժական կլինիկաները նաև ապագա բժիշկների պատրաստման դարբնոց են:
--00—ԼՄ