Մոսկովյան և բրյուսելյան ձևաչափերը շարունակելու են խանգարել իրար․ ամեն մեկը խնդիրը դեպի իրեն է ձգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ս

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմա էլ տեղի է ունենում 2 ձևաչափով՝ մոսկովյան և բրյուսելյան/պրահյան, այդ տարուբերումները միշտ խնդիրներ են ստեղծում։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը։

Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում:

Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում:

Բացի այդ, ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա կամ Սոչի քաղաքներից մեկում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով։

Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի 6-7-ը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպմանը հաջորդել էր հայտարարություն։

Վերլուծաբան Սարո Սարոյանի խոսքերով, կա աշխարհաքաղաքական մրցակցություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այն խնդիր է ստեղծում, յուրաքանչյուր կողմ փորձում է դեպի իրեն ձգել և իր վերահսկողության տակ իրականացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ռուսաստանը նույնպես ցանկանում է հանդիպում կազմակերպել։ Բոլոր այս տեսակի հանդիպումներն ազդեցություն են ունենում նաև միմյանց վրա։ Եվ այն տեսանկյունց պետք է նայենք, որ դեռևս գործընթացները հստակություն չունեն։ Այս պահին կատարավողը պրահյան գործընթացն է, որի արդյունքը ԵՄ քաղաքացիական առաքելության մուտքն է, որն անվտանգային որոշակի միջավայր է ստեղծել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև 2 ամսվա ընթացքում կոնկրետ բանակցություններ ընթանան։

Բանակցությունները ենթադրում են պաշտոնյաների հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում նաև՝ փոխվարչապետերի գլխավորությամբ»։ Քաղաքագետն ասաց, որ բրյուսելյան հանդիպումից էական բան կարելի է սպասել․ «Որովհետև էական բանի համար արդեն կոնկրետ ժամանակահատված կա, որը վերաբերում է այս տարվա վերջում որոշակի փաստաթղթի ի հայտ գալուն։

Այս մասին հստակ արտահայտվել են կողմերը, այդպիսի հստակ համաձայնություն կա։ Եվ այդպիսի պահանջ կա երկրների կողմից, որոնք այս գործընթացների միջնորդական առաքելությունն իրենց վրա են վերցրել։ Եվ այդ տեսանկյունից կոնկրետությունը վերաբերում է, թե 2 ամսվա ընթացքում ինչ հանդիպումներ, ինչ բանակցություններ տեղի կունենան»։

Ըստ Սարո Սարոյանի՝ բրյուսելյան ու մոսկովյան միջնորդություններն իրար խանգարում են։ «Նախորդ ամիսներին խանգարել են, հիմա էլ են խանգարում։ Եվ սա դարձել է խնդրահարույց։ Եվ դրա համար ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան եկավ, որպեսզի այդ խաթարումները տեղ չգտնեն, որովհետև եթե տեղ գտնեն, այլ զարգացումների հիմք կտան՝ պատժամիջոցներ, քաղաքական որոշումների և այլն», - եզրափակեց Սարոյանը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ