ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երեկ տարածվեց մի տեղեկություն այն մասին, թե իբր ես զբաղեցնելով ԱԱԾ քննչական վարչության պետի պաշտոնը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի իմացությամբ, ուղղորդել եմ մեր քննիչին ինչ-ինչ ապօրինության, որի արդյունքում մեղադրյալը թմրամիջոցի մաքսանենգության համար վերջերս դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
«Ես հասկանում եմ, որ նման հասցեական հրապարակումները պատահական չեն լինում, ունենում են պատվիրատու և նպատակ: Գիտեմ նաև դրանք անտեսելու կամ հակադարձելու լավ ու վատ կողմերը, նաև, թե ինչի կարող է հանգեցնել, եթե սկսում ես արդարանալ:
Այնուամենայնիվ, միայն մի փաստ կուզենամ նշել, որ դեպքը, որի մասին խոսվել է տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին, այնինչ 2018 թվականի հոկտեմբերից ես չեմ ղեկավարել ԱԱԾ քննչական դեպարտամենտը և զբաղեցրել եմ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պաշտոնը, այսինքն՝բացարձակապես կապ չեմ ունեցել այդ դեպքով նյութերի նախապատրաստման և գործի նախաքննության հետ:
Սա նշանակում է, որ չպետք է լսել նման չստուգված հրապարակումները, հետևություններ անել կամ կարծիք կազմել:
Սա դարձել է անձնական կամ այլ շահերից ելնելով հաշվեհարդար տեսնելու պարզունակ միջոց»:
--00—ՅՄ