ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նորընտիր ղեկավարության՝ ՌԴ ԳԱ նախագահ ակադեմիկոս Գենադի Կրասնիկովի, փոխնախագահների և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև 2021թ. նոյեմբերի 5-ին կնքված Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ճանապարհային քարտեզի 54 կետերից կընտրի առավել կարևորները, և աշխատանքներ կտարվեն դրանց կյանքի կոչման ուղղությամբ:
«Համագործակցության համար երկկողմանի շահագրգռվածություն կա: Կարևորելով անցյալը, կարևորելով այն պատմությունը, որ ունեցել են մեր ակադեմիաները համատեղ դեռևս ԽՍՀՄ տարիներից և այն նախադրյալները, որ առկա են այսօր, պետք է իրենց շարունակությունը գտնեն ապագայում»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը:
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ կատարել հայ-ռուսական այն պայմանագրերի ուղղությամբ, որոնք գործել են Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ:
«Աշխատանքները շարունակելու համար պետք է ստորագրվի միջպետական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի միջև: Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Աշոտ Սաղյանը:
--00—ՅՄ