ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությանը, որի կազմում էին Միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Էդուարդ Տրամպուշը, Եվրոպայի թիմի ղեկավար Կատարինա Բանիեվիչը և եվրոպական երկրների պատասխանատու Լենա Լանգը: Այցի նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցությունը և հետագա պլանները.
«Ողջունում եմ ձեզ մեր գրասենյակում, ուրախ եմ, որ արդեն երկար տարիներ է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն է հաստատվել մեր ազգային ընկերությունների միջև: Պետք է նշեմ, որ համատեղ գործունեության արդյունքում էական արդյունքներ ենք գրանցել, և լուրջ հիմքեր ստեղծել այդ համագործակցության ընդլայնման համար, ինչի համար շնորհակալ եմ», - ասել է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Ա. Եղիազարյանը:
Պատվիրակության անդամները ևս շեշտել են, որ շատ ուրախ են Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ ունեցած սերտ և արդյունավետ համագործակցության համար.
Քննարկվել են երկու ԱԸ միջև գործընկերությունն առավել ընդլայնելու տեսլականը և պլանները:
Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ ՀԿԽԸ-ն գործունեություն է իրականացնում Ազգային ընկերության զարգացման, աղետների կառավարման, սոցիալ-առողջապահության, երիտասարդական և բնակչության տեղաշարժի ուղղություններով:
Ավստրիական Կարմիր խաչը զգալի աջակցություն է ցուցաբերել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգմանը, կենտրոնի պայմանների և մատուցվող ծառայությունների բարելավմանը. ինչպես նաև Covid-19 համավարակի, Ղարաբաղյան հակամարտության 2020թ. սրացման ու 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքներին արձագանքին:
Այցի շրջանակներում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության ներկայացուցիչների հետ միասին մի շարք հանդիպումներ ունեցավ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, այցելություն ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն և Աբովյան քաղաքի հանրակացարանի Ժպիտների ակումբ:
--00—ՍՊ