ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Մանուկ Հակոբյանը, որը Աբովյանի նախկին համայնքապետ Կարապետ Գուլոյանի պաշտոնավարման տարիներին (2008-2015թ.) նրա օգնականն էր, անցնում է «ապօրինի գույքի» գործով: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել է ամփոփագիր: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Նախկին օգնականին և կնոջը մարտի 29-ին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Նշենք, որ այս փուլում չի հրապարակվում, թե ուսումնասիրության արդյունքում որ գույքերը և ինչ չափի դրամական միջոցներ են բռնագանձման ենթակա: Հիմնավորումն այն է, որ ուսումնասիրության նյութերին ծանոթանալուց հետո շահագիրգիռ անձը կարող է ներկայացնել ապացույցներ, բացատրություններ և այդ գույքերի կամ դրամական միջոցների չափերի փոփոխություն լինի:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում էլ շարունակվում է Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի քննությունը:
Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության, պահանջում է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից բռնագանձել մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում, 2 ընկերությունում՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում և Էլեկտրոմոնտաժ ՍՊԸ-ում ունեցած բաժնետոմսերը, 1 մլրդ 638 մլն 557 հազ. դրամ բարեխիղճ ձեռք բերողին փոխանցված գումար և 58 մլն 120 հազ. ապօրինի եկամտի մնացորդ:
Միայն «ԱԿԲԱ բանկ» -ում ունեն 2000 հատ բաժնետոմս:
--00—ՍՊ