ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը երկրորդ մեդալն է ապահովել, գրում է Armsport.am-ը։
92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մենամարտել է իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ և 4-0 հաշվով կամային հաղթանակ տարել:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ԱԱ-ի կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: ԱԱ-ի ¼ եզրափակչում Բաչկովը մենամարտել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով:
Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Հովհաննիսյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ:
Ռաֆայել Հովհաննիսյանն ավելի վաղ տեխնիկական նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել ԱԱ-ի 1/4 եզրափակիչ։ 86 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Հովհաննիսյանը ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում գրանցելով երեք նոկդաուն:
--00—ԶՀ