ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է: Պարզվել է նաև, որ երեխան անզգուշաբար ընկել է գյուղի տան բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
--00—ՅՄ