ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ս.թ. մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը: Այս մասին հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
«Վերջին զանգի արարողությունը յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ, չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են անչափ ծանր ժամանակներ, ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկը:
Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»,-ասվում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։
--00—ԶՀ