ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով Պալատում հյուրընկավեցին Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները:
Հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ
Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ ունեցան ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:
Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկեցին համատեղ գործընկերային հարաբերությունները և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանեցին հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել են ոլորտին առնչվող առկա մարտահրավերները և հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները՝ դրանց հաղթահարման նպատակով:
Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար:
--00—ՅՄ