ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News
Երասխում մետալուրգիական գործարանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած հնդիկները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արարատ» ԲԿ-ի Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արթուր Ներսիսյանը։
«Երկու հոգի են, երկուսն էլ մեզ մոտ են ընդունվել բեկորային վնասվածքներով, մեկինը` կրծքավանդակի աջ պատի, մյուսինը՝ կրծքավանդակի առաջնային պատի շրջանում վիրավորումով, բեկորները հեռացվել են, վնասվածքները խորը չեն եղել»,- մանրամասնեց բաժնի վարիչը:
Այս պահին պացիենտները տեղափոխվել են հիվանդասենյակ: Հարցին, թե ե՞րբ դուրս կգրվեն հիվանդները, բժիշկի խոսքով կախված է նրանց առողջական վիճակից. «Ըստ դինամիկայի` վաղը կամ մյուս օրը պարզ կլինի, թե երբ դուրս կգրվեն»,–ասաց Ներսիսյանը:
Նշենք նաև, որ վիրավորում ստացած հնդիկների հիվանդասենյակը հսկվում էր գործարանի աշխատակիցների կողմից, ինչպես նաև մեզ տեղեկացրին` գործարանի ղեկավարությունն արգելել է, որ լրատվամիջոցները նկարեն վիրավորներին:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ը 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ինչպես հայտնել էին ՀՀ ՊՆ-ից կրակի հետևանքով վիրավորում ստացածները գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանն են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ