ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Ամենայն հավանականությամբ վաղը Թագուհի Թովմասյանը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ 24News-ը մեկնաբանություն խնդրեց Թովմասյանից, սակայն վերջինս նշեց, որ չի խոսի և միայն վաղը ԱԺ-ում ելույթ կունենա։
Հիշեցնենք, որ այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ ՄԻՊ հանձնաժողովում ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել։
Վերոնշյալ խնդրով պայմանավորված՝ 24News-ը զրուցել է նաև հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Ղազարյանն այդ ժամանակահատվածում ՄԻՊ թեկնածու էր առաջադրված ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների կողմից։
«Թագուհի Թովմասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ոչ թե ՔՊ-ի բարի կամքի դրսևորումով, այլ «ԱԺ Կանոնակարգ սահմանադրական» օրենքի պահանջներին համապատասխան։ Այսինքն՝ այնտեղ կա Դոնթի բանաձև, որով ԱԺ-ի մի շարք պաշտոններ պետք է զբաղեցնեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները»,- ասաց Ղազարյանը։
Էդգար Ղազարայնը նաև հիշեցրեց, թե մինչ այժմ ՔՊ-ի նախաձեռնությամբ ովքեր են հեռացվել զբաղեցրած պաշտոններից, որոնք եղել են ընդդիմադիր պատգամավորներ․ «ՔՊ-ն մինչ այժմ ապօրինաբար պաշտոնազրկել է Իշխան Սաղաթելյանին, ԱԺ մյուս հանձանժողովների ընդդիմադիր նախագահներին և միակը, որ մնացել էր պաշտոնին, Թագուհի Թովմասյանն էր։ Ես կարծում եմ, որ դա մեծապես կարող է պայմանավորված լինել իմ թեկնածությունը որպես ՄԻՊ թեկնածու ԱԺ համապատասխան հանձնաժողովում ներկայացնելու և պաշտպանելու հանգամանքով, որովհետև Թագուհի Թովմասյանը միակն է եղել, որը կողմ է քվերակել իմ թեկնածությանը։ Ես կարծում եմ, որ այս ապօրինի արշավը պայմանավորված է բացառապես Թովմասյանի ազնիվ դիրքորոշումներով»,- ասաց գործիչ էդգար Ղազարյանը։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ