Ստեփանակերտից արձագանքում են Բայրամովին. Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

361131789_1553678348371407_8269494692132384389_n.thumb_

«Մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին»,-հայտարարում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ նախաձեռնությունը։

Հուլիսի 14-ին Ստեփանակերտում  երկրի իշխանությունների կողմից հրատապ հրավիրված հանրահավաքը` անդառնալիության շեմին հասած Արցախում օրեցօր ուժգնացող մարտահրավերները արժանապատվությամբ հաղթահարելու և ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակելու բացառիկ հնարավորություն կարող էր դառնալ:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը, երկրի համար բախտորոշ այս օրերին պայքարի իր բանաձևը բազմիցս հնչեցրել է և պատրաստակամություն հայտնել` կանգնել  յուրաքանչյուրի կողքին, ում պարզած պաստառին գրված է` «Ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»: Հենց այս դիրքորոշմամբ շարժման մասնակիցներն առաջիններից էին, որ արձագանքեցին համաժողովրդական հանրահավաքի կոչին, սակայն ստիպված ենք ափսոսանքով արձանագրել, երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը:

Մենք անընդունելի ենք համարում, որ այս պատասխանատու իրավիճակում Արցախի Հանրապետության Նախագահն իր խոսքը չուղղեց ժողովրդին և նման օրհասական պահին նրա լռությունն արդարացված չէր:

Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությանը, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Ոչ մի ուղերձ չհնչեց վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ:

Դատապարտելի ենք համարում, որ չհնչեց որևէ խոսք ի աջակցություն Արցախի իրավունքները պաշտպանող Հայաքվեի գործընթացի:

-  Մենք չենք կարծում, որ մինչև վերջ անկեղծ զրույց գնաց ժողովրդի հետ: Անընդունելի ենք համարում հուսահատության տանող տրամադրություններ սերմանելը. 90-ականներին մենք շատ ավելի բարդ իրավիճակներ ենք հաղթահարել և դա հաջողվել է անվերապահ միասնության շնորհիվ:

Այս համատեքստում հայտարարում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է՝ Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, եւ մենք թույլ չենք տալու հատել այն, որովհետև պատմությամբ հաստատված փաստ է՝ Աղդամի ճանապարհը՝ ճանապարհ է դեպի Սումգայիթ»։

--00—ՅՄ