ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Հունաստանում շարունակում է օրակարգային մնալ թուրքական հորատող նավերի տեղակայման վայրերի խնդիրը։ Հունական լրատվամիջոցները շարունակում են քննարկել քարտեզների հետ կապված իրավիճակը, մանավանդ այն բանից հետո, երբ թուրքական «Աբդուլհամիդ Հան» հորատիչ նավը փոխել է տեղակայման վայրը: Հույն կոնտրադմիրալ (դերծովակալ, փոխծովակալ) Յանիս Էգոլֆոպուլոսն ուշադրություն է հրավիրել Սևիլիայի քարտեզի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Հունական մամուլը հայտնում է, որ «Աբդուլհամիդ Հան» նավի նպատակակետը Մեյսից հարավ-արևելք, Կիպրոսից արևմուտք և Թուրքիայի ափից հավասար հեռավորության վրա գտնվող տարածքն է՝ այս կետն անվանելով «Աքսեքի-1»։
Հունական լրատվամիջոցներն ընթերցողների հետ կիսվում են «Աբդուլհամիդ Հան» նավի գտնվելու վայրի մասին տեղեկություններով։ Կոնտրադմիրալ Էգոլֆոպուլոսը պնդում է, որ նավթային հարթակը գտնվում է Հունաստանի սահմաններում՝ ըստ Սևիլիայի քարտեզի։
Էգոլֆոպուլոսը խոսում է նաև Թուրքիայի դիվանագիտական քայլերի մասին և ընդգծում, որ Թուրքիան «ես այստեղ եմ» ուղերձն է ուղարկում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Սևիլիայի քարտեզն առաջարկվել է 2000-ականների սկզբին ակադեմիկոսներ Խուան Լուիս Սուարես դե Վիվերոյի և Խուան Կառլոս Ռոդրիգես Մատեոսի կողմից՝ Սևիլիայի համալսարանից՝ որպես ուսումնասիրություն՝ լուծելու ծովային տնտեսական գոտու վեճը Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև Արևելյան Միջերկրական ծովում։
Ըստ այս քարտեզի՝ Հունաստանի ծովային սահմանը սկսվում է Մեյս կղզուց՝ դեպի հարավ՝ Միջերկրական ծովով և Թուրքիային ելք չի տալիս, բացի Անթալիայի ծոցից դուրս: Հունաստանը սահմանում է իր ծովային սահմանը՝ ելնելով հունական կղզիների սահմաններից՝ անկախ Թուրքիային հարևանությունից։
Թուրքիան պնդում է, որ այս քարտեզը խախտում է իր իրավունքները:
--00—ԼՀ