ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Ռուսաստանին տհաճորեն զարմացրել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի ՀՀ մուտքի արգելքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը օգոստոսի 24-ի գիշերը հրաժարվել է թույլ տալ մուտք գործել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին, տհաճորեն զարմացրել է ռուսական կողմին»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները չեն բացատրել Կրիվոպուսկովին Հայաստանի տարածք մուտքի արգելքի պատճառները։ Ինչպես նշել է աղբյուրը, հասարակական գործիչը նախատեսում էր մասնակցել հանրապետությունում ստեղծված Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության ընկերության շնորհանդեսին։
Նա հավելել է, որ Մոսկվան արդեն խնդրել է հայ գործընկերներին՝ «պարզաբանել իշխանությունների այս որոշման դրդապատճառները և ՌԴ քաղաքացու կարգավիճակը՝ հանրապետական սահմանապահ ծառայության տեսանկյունից»։
«Ցավոք սրտի, ռուս հայտնի քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ Երևանի կիրառած սահմանափակումները դառնում են արատավոր պրակտիկա, որը չի աշխատում երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին»,-ասել է աղբյուրը։
--00—ՅՄ