ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել <<Մազերատի>> <<DAEWOO NEXIA 1.5I>> մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող <<HOWO SINOTRUK>> մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Դրա հետևանքով <<Մազերատի>> մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձոր բժշկական կենտրոն, իսկ <<DAEWOO NEXIA 1.5I>> մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել <<Մազերատի>> մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ <<Մազերատի>> մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:
Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է <<Մազերատի>> մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար:
Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները:
Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած <<Մազերատի>> մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող <<DAEWOO NEXIA 1.5I>> մակնիշի ավտոմեքենային՝ այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ԼՀ