ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Արցախի նախագահը ով էլ լինի, գնալու է ցավոտ լուծումների։ Սեղանին ոչ թե Արցախի ինքնիշխանության, այլ Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի հարցն է դրված։ Նոր նախագահը չպետք է վախենա քննադատություններից, պետք է երաշխավորի իր հողում արցախցիների ապրելու իրավունքը, այլապես՝ արցախցիներին գաղթի ճանապարհ է սպասվում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այսօր ԱՀ ԱԺ-ում Արցախի նոր նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հանգամանքին։
«Փաշինյանը եկել է իշխանության «գրանդիոզ» պլաններով, մինչև պատերազմ Տիգրան Մեծի փառքը նրան հանգիստ չէր տալիս, ուզում էր դառնար Տիգրան Մեծ, Քոչարյանին, Սերժին հաղթած տղան ո՞նց կարող էր Ալիևի հարցերը չլուծել, ժողովրդավար Արևմուտքը մեր մեջքին կլինի։ Արդյունքում Տիգրան Մեծ չդարձավ, բայց Արցախը վերածեց ավերակների։
Հիմա մեկ այլ մոլագար մտասևեռման մեջ է, մտադիր է պատմության մեջ մնալ որպես 300 տարվա ռուսական լծից ՀՀ-ն ազատած մեկը, բայց սա հանգեցնելու է մեզ աղետի շեմին, եթե «Ստոպ Նիկոլ» չանենք։ Եթե քաղաքական կուրս ես փոխում, պետք է երաշխիքներ ստանա, որ կարող ես հակազդել ՌԴ հնարավոր ճնշումներին, որովհետև նա վատ թշնամի կարող է լինել։
Նրա արկածախնդրության պատճառով մեր թշնամիների թիվը երեք է դառնում, ինչը վտանգ է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար»,- ավելացրեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ