ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանության բոլոր նշանները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար:
Մենենդեսը ներկայացրել է Արցախում սովամահության առաջին զոհի լուսանկարները և շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։
«Ադրբեջանում Ալիևի կառավարությունը սարսափելի բռնությունների արշավ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դեմ ցեղասպանության բոլոր նշանները։ Նրանք նպատակային և չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնյա հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․․ Ալիևը և նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց մատնել սովի՝ ստիպելով մահանալ կամ ենթարկվել քաղաքական հպատակեցման», - ասել է Մենենդեսը՝ հիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է անցյալ տարվա դեկտեմբերից։
Սենատորը հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին 9 ամիսների ընթացքում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը, որի պատճառով ավելացել են թերսնուցումից մահացության դեպքերը։
«Այս պահին ԱՄՆ-ն ձախողվում է։ ԱՄՆ-ն չի բավարարում հումանիտար կարիքները և հանրային կերպով բավականաչափ ճնշում չի գործադրում Ալիևի վրա՝ դադարեցնելու էթնիկ զտման արշավը», - ասել է Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ