ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News
Թուրքիայի արտգործնախարարությունը և երկրի մի շարք պաշտոնատար անձինք խստորեն դատապարտել են Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցի հրթիռակոծումը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ Իսրայելի կողմից Պաղեստինի ուղղությամբ իրականացված հարձակումները որակվել են բարբարոսական, իսկ խիստ քննադատությունների կողքին նշվել է, որ քաղաքացիական անձանց նկատմամբ նման մտածելակերպը պետք է անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկվի:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը դատապարտելով Իսրայելի կողմից իրականացված հարձակումը, այն որակել է անմեղ մարդկանց «մորթելու գործողություն», որը խոսում է հումանիզմի վերացման մասին:
«Իսրայելի ղեկավարությունը պետք է անհապաղ վերջ տա՛ քաղաքացիական անձանց, կանանց և երեխաների ուղղությամբ իրականացվող հարձակումներին»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ շեշտել է, որ հիվանդանոցի ուղղությամբ հարձակումը ցույց է տալիս Իսրայելի մարդկային արժեքներից զուրկ լինելը:
«Հիվանդանոցին հարվածելը, որում եղել են կանայք, երեխաներ և անմեղ քաղքացիական անձինք, Իսրայելի ամենահիմնարար մարդկային արժեքներից զուրկ հաձակումների վերջին օրկինակն է»:
Սոցիալական էջում հարձակումը դատապարտող գրառում է կատարել նաև Թուրքիայի Կրոնական հարցերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:
Նա շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և նշել, որ Իսրայելի կողմից իրականացված նման քայլը որևիցե արժեքով և կամ հավատալիքով չի կարող բացատրվել:
«Ես խստորեն դատապարտում եմ այս հարձակումը, իսկ դրանում պատասխանատուներին՝ անիծում»,-ասել է նա:
Էրբաշը նաև ընդգծել է անհապաղ Գազայի շրջանի ապաշրջափակմանը և շրջանի նկատմամբ իրականացվող անմարդկային գործողություններին վերջ տալու անհրաժեշտությունը:
--00--ԼՀ