ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ։
Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:
Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Պետքարտուղարության մեկնաբանության մեջ ասված է.
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:
--00—ՅՄ