ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով շնորհավորելով դեսպան Թըրներին և կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։
Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։
Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ»։
--00—ՅՄ