ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ գերիներին: Մեկի համար խաղաղությունը նախընտրական խոստում էր, որը մյուս ծրագրային դրույթների նման կյանքի չկոչվեց, մեկի՝ իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի, տարածքային ախորժակը բավարարելու միջոց: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում, չագուչով շրջող Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու
ինքնիշխանությունը:
Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են: Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին:
Պաշտոնական Բաքուն նույն կերպ փորձում է շահարկել Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գերության հանգամանքը, ովքեր ակնհայտ քաղաքական հետապնդման են ենթարկվում։
Սրանով Ադրբեջանը փորձում է թաղել Արցախի հաղթանակների, պետականության և պայքարի փուլը ու փակել այդպես էլ չփակվող և Ադրբեջանի կոկորդին մնացած Արցախի էջը:
Սինքրոն՝ նույն գործով և գրեթե նույնանման գործիքակազմի կիրառմամբ զբաղված է Հայաստանի իշխանությունը, ում համար Արցախի հարցն արդեն փակված է, կնիքը դրված է և սև գործն արված:
Նստելու ենթակա յուրաքանչյուր անձի դեպքում կա քաղաքական հաշվարկ և ուղերձ՝ Արմեն Աշոտյանից, Գրիգորի Խաչատուրովից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև մարդիկ, ում անունները հասարակության ճնշող մեծամասնությունը չգիտի. նրանք բոլորը քաղաքական իշխանությունների թիրախում
են:
Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ:
Տիկնայք և պարոնայք, սա է դաժան իրականությունը»։
--00—ՅՄ