ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց է: Փաստացի ադրբեջանական ցանկությունը ձևակերպվեց որպես երկկողմ համաձայնություն և ՀՀ առաջնահերթությունները հերթական անգամ ստորադասվեցին ադրբեջանական քմահաճույքներին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խոսքն առաջին հերթին Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների մասին է, որոնց հանձնումը խնդիրներ է առաջացնում և միջազգային իրավունքի, և ՀՀ օրենսդրության, ինչպես նաև՝ մեր երկրի կենսունակության տեսանկյունից:
Այսպես կոչված, ակնլավների թեման պետք է քննարկվի միևնույն փաթեթում, որտեղ ի թիվս ադրբեջանական պահանջների, նաև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արծվաշենն է: Սա բխում է դեմարկացիայի տրամաբանությունից և միջազգային իրավունքի տեսանկյունից ընկալելի մոտեցում է:
Երկրորդ, Հայաստանի իշխանությունն ադրբեջանական սպառնալիքների ներքո, շարունակում է անտեսել դեմարկացիայի կարևոր դրույթներից մեկը՝ բանակցության էլեմենտը, որը ենթադրում է միջազգային պրակտիկայի և սկզբունքների շրջանակներում առաջ եկող փոխանակման դրույթը, ինչը հիմնված է կողմերի կենսական շահերի և ենթակառուցվածքների պահպանման վրա:
2024 թվականին, Տավուշի ուղղությամբ իրականցվող գործընթացի և հայտնի 4 գյուղերի հանձման ժամանակ՝ պատճառաբանելով պրոցեսը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված է բնակավայրերի հանգամանքի վրա:
Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչու այդ փուլում չճշգրտվեցին և Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ:
Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում:
Այն, ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում և Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի խնդրահարույց դրույթներից մեկով սահմանված է, որ եթե որևէ հատված համաձայնեցվում է, կազմվում է սահմանի այդ հատվածի նկարագրությունը, ապա անկախ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլերից, այն համարվում է սահմանազատման, և փոփոխման ենթակա չէ:
Մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարևոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձևով, պրոցեսը տորպեդահարելու է, իսկ հետևանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ:
Իշխանությունը առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»:
--00—ՅՄ