ՔՊ-ին պետք է կամայական տարածք, որ պահեն իշխանությունը՝ անկախ սահմաններից ու կարգավիճակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարանքով: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Սբրահամյանը։

«Այս օրերին շատ է հարցադրում հնչում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի համաձայնվում Հայաստանի իշխանության այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից: Պատասխանը շատ հստակ է. Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին որպես միջազգային սուբյեկտ վերջնական շարքից հանելու առումով:

Հայաստանի իշխանության ցանկացած նոր զիջում ավելի է ուժեղացնում Ադրբեջանին և, ըստ էության, առավել ուժգնացնում Հայաստանի դեմ նորանոր հարվածները:

Արդյո՞ք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներով են արտահայտվելու: Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության:

Սա ասում եմ՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են՝ առանց Սյունիքի, Վայոց ձորի և մասնատված Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերով:

Արդյո՞ք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցում է իրադրության լրջությունը: Վստահ եմ՝ այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունն իրացնել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի:

Իշխանության հանցավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ «պարտվողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»:

--00—ՅՄ