ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ևս երկու քաղաքացի, ամենայն հավանականությամբ, շարունակում են մնալ փլատակների տակ, նրանք այնտեղ վարձով էին բնակվում։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է 24News-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ ևս երկու քաղաքացի՝ տղամարդ և տարեց կին, դուրս են բերվել փլատակներից, նրանք ողջ էին և ունեին գիտակցություն, այս պահին գտնվում են երևանյան ԲԿ-ներից մեկում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առավոտյան ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։
--00—ՅՄ