Իջևանում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

447454031_423678620628246_4840876580983771968_n.thumb_

Հունիսի 1-ին, ժամը 16:39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մետր) և բախվել կայանած երեք «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին:

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

--00—ՅՄ