ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը, Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշտապես կարևորվել են տրանսպորտային փոխկապակցվածության և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,-այս մասին նշեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ անդրադառնալով միջոցառման կարևորությանը և Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությանը:
Նախարարությունից նաև հավելեցին, որ համապատասխան մեխանիզմներ մշակվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ