ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն, Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Երեկ 24News-ը գրել էր, որ ՔՊ-ի դաշնակից Փարաքարի նախկին համայնքապետն ու Մերձավանի ՔՊ-ական ղեկավարը հրավիրվել են ՔԿ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ենթադրյալ չարաշահումների գործով։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։ Նույն օրվա համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում հաջորդ օրը տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, որտեղ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանի որոշիչ ձայնի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փարաքարում աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել. երկու թեկնածու՝ Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր»-ից Վալոդյա Գրիգորյանը միաժամանակ հայտարարում էին, թե իրենք են հաղթել։ 2 շաբաթ առաջ անգամ կազմակերպվել էր Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը, սակայն Մինասյանը ՔՊ-ի ավագանու անդամների հետ վիճարկել էր համայնքապետարանում Գրիգորյանի կազմակերպած ընտրության արդյունքը դատարանում։ Վարչական դատարանը բավարարել էր բողոքը։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ