Կրակոցների պատճառով հրաժարական տված Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը ցանկանում է կրկին համայնքապետ դառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Երևանում հնչած կրակոցների ժամանակ, դեպքի վայրում ներկա գտնված, ապա այդ պատճառով Փարաքարի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացարած ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը ինքնառաջադրվել է  Փարաքարում հունվարի 11-ին, 12-ին և 13-ին սպասվող ներքպական փրայմերիզին, որում հաղթողին Նիկոլ Փաշինյանը նշանակելու է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականին Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում հնչած կրակոցների ժամանակ կյանքից զրկվել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը, Փարաքարի համայնքապետը նույնպես գտնվել էր դեպքի վայրում։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Գյուլնազարյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո 24News-ի հետ զրույցում ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանն այդ քայլը որակել էր իբրև քաղաքական կամքի դրսևորում։ 

 24News-ը կապ հաստատեց Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ նախ հասկանալու, թե որքա՞ն է գնահատում իր շանսերը և արդյո՞ք կկարողանա հավաքել առավելագույն ձայները նորից ընտրվելու համար։ 

«Իմ շանսերը մեծ եմ գնահատում, որովհետև այս 6 ամիսների ընթացքում, երբ եղել եմ համայնքի ղեկավար, մեր ժողովուրդը տեսել է, թե պարոն Գյուլնազարյանը ինչպես է վերաբերվում բնակչի խնդրին և այն խնդիրներին, որոնք ծառացած են համայնքի առջև։ Դրանք մեկ վայրկյան անգամ չի մնացել իմ ուշադրությունից դուրս»,- ասաց Գյուլնազարյանը։ 

Գյուլնազարյանը հույս հայտնեց, որ բնակիչները իրենց «արդար քվեն կտան այն մարդուն, ով աշխատել է համայնքի ու ՀՀ-ի համար»։ 

Գյուլանազրյանից հետաքրքրվեցինք, եթե այդքան կարևորում է բնակիչների ձայնը, արդյո՞ք նրանց պահանջն է եղել, որ այդ միջադեպից հետո նա հրաժարականի դիմում ներկայացնի․ «Էդ անախորժ դեպքը հարիր չէր ո՛չ համայնքի ղեկավարին, ո՛չ սպային, ով 16 տարի անձնվիրաբար ծառայել է ՀՀ-ին,  ու նախաձեռնված քրեական վարույթին չխանգարելու համար ներկայացրել եմ իմ հրաժարականի դիմումը, որ ժողովրդի մեջ էլ կարծիք չձևավորի, որ պարոն Գյուլնազարյանը՝ օգտվելով իր դիրքից, պաշտոնից կարող է նախաքննությանը խանգարի»,- հայտարարեց նա։ 

Գյուլնազարյանի խոսքով քննչական մարմինն ու Դատախազությունը տվել են իրենց որոշումն ու նշել, որ նա որևէ առնչություն չունի միջադեպի հետ․ 

«Ես ուղղակի ոչ ճիշտ ժամանակ հայտնվել էի, ոչ ճիշտ վայրում՝ ավտոտեխսպասարկաման կետում, բոլորս կարող էինք այդտեղ լինել»,- պատմեց Գյուլնազարյանը՝ հավելելով, որ իր հեռախոսը 1 ամիս եղել է նախաքննական մարմնում և բոլոր վերծանումներից հետո տվել են իրականությանը համապատասխանող եզրակացություն։ 

Մեր այն դիտարկմանը, որ այդ դեպքում ինչու՞ հանրությանը չի ներկայացվել եղելությունը, և հիմա էլ բնակիչներին կրկին ներգրավում են ընտրական պրոցեսի մեջ, արդյո՞ք այս ամենը ձևական բնույթ չի կրում, Գյուլնազարյանը  վիրավորվական համարեց ձևակերպումը․ 

«Ես՝ լինելով սպա, կրելով ուսադիր, մարդ, ով 16 երկար ու ձիգ տարիներ եղել է օրենքը պահող, չէր կարող ինչ-որ կետում օրենքին խանգարել։ Բնակչությունը իրազեկված է և  վստահ եմ՝ իրազեկված լինելով հանդերձ իր քվեն կտա Լյուդվիգ Գյուլնազարյանին և միասին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ  կշարունակենք ճանապարհը, կառավարության ծրագրերը նորից կբերենք համայնք»,- ասաց Փարաքար համայնքում նախնական ընտրություններին ինքնառաջադրված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։ 

Նշենք, որ Գյուլնազարյանից բացի Փարաքար համայնքում փրայմերիզին առաջադրվել է ևս 5 թեկանծու՝ Գոռ Սարիբեկյանը, Արփինե Առաքելյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը և Արման Մնացականյանը։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ