Արցախցիներն ահազանգում են՝ չեն ստանում կեցության համար տրվող գումարները, փաստի առաջ են․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

աա

Մի քանի օր է՝ 24News-ի խմբագրություն են ահազանգում Արցախից հարկադրաբար տեղահանված քաղաքացիները՝ նշելով, որ մի քանի ամիս է, ինչ չեն ստացել կառավարության կողմից տրամադրվող աջակցությունը՝ 40 + 10000-ական դրամները։ 

Օրերս էլ նույն խնդրով մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության դիմաց, 24News-ը զրուցել էր նրանց հետ․ վերջիններս նշում էին, որ մայիս ամսից չեն ստացել պետական աջակցությունը, ինչի հետևանքով էլ չեն կարողանում, օրինակ՝ բնակվարձերը վճարել և կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առջև, քանի որ տան տերերն այլևս չեն հանդուրժում։ «2 ամիս ա՝ խաբում են, թե տան վարձը կնստի, էսօր ասացին՝ փողը կտրել են, իբր թե մենք 10 մլն-ի շահառու ենք։ Ես 10 մլն դրամը վերցնեմ և ու՞ր գնամ, ո՞րտեղ էդ գնով տուն առնեմ, 4 անչափահաս երեխա ունեմ»,- նշում է բռնի տեղահանված արցախցիներից մեկը։ 

Իննա Գիգորյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել են, որ 2 ամսվանը միանգամից կստանան, սակայն օրեր առաջ պարզ է դարձել, որ նրանք ևս հանդիսանում են 10 մլն-ի շահառու և չեն կարող օգտվել դրամական աջակցությունից․ «Մենք սերտիֆիկատ չունենք, ոչ ոք մեզ դրա մասին չի էլ տեղեկացրել»։

24News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ի պատասխան մեր հարցի՝ գերատեսչության խոսնակ Զառա Մանուչարյանը մանրամասնեց․ «Կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն այս տարվա ընթացքում ընդլայնել ենք։ 

Աջակցությունը տրամադրվում է ոչ միայն ԼՂ-ից 2023-ին բռնի տեղահանված հայրենակիցներին, այլ 2020թ․ հետո ԼՂ-ից տեղահանված ընտանիքների անդամներին։ Ի սզկբանե տեղեկացրել ենք՝ այս միջոցառման շահառու չեն հանդիսանում Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուները»։ 

Նախարարությունից նշում են նաև, որ ընդ որում՝ անկախ այն հանգամանքից՝ վերջիններս իրենց հավաստագիրը իրացրել են, թե առայժմ ոչ և եթե նույնիսկ հրաժարվել են 40+10 հազարական աջակցությունից, օգտվել չեն կարող։ 

Հարցին՝ իսկ Արցախից բռնի տեղահանվածները որտեղի՞ց կամ ովքե՞ր պետք է տեղյակ պահեին, որ իրենք 10 մլն-ի շահառու են հանդիսանում և չեն կարող օգտվել 40+10 աջակցության ծրագրից, նախարարությունից պարզաբանում են․ «Պոտենցիալ շահառուների շրջանակը մեզ փոխանցվել է ԼՂՀ կառավարությունից՝ առաջնային օղակից համայնքը հավաքել է ու ըստ աստիճանավորման` փոխանցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ապա մեզ։ Այսինքն՝ այս քաղաքացիների տվյալները, եթե հավաքել է համայնքը, ապա իրենց տեղեկացրել է, թե ի՞նչ նպատակով է հավաքվում և փոխանցվում ԼՂՀ կառավարությունից ՀՀ կառավարություն»։

Ստացվում է, որ նախ արցախցիներին վստահեցրել են, որ կստանան իրենց կեցության համար տրվող գումարները, ապա կանգնեցրել փաստի առջև։ Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիներն այսօր դիմում են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 24News-ը թեմային կշարունակի հետևել և կներկայացնի հետագա զարգացումները։

Մերի Մանուկյան

 

 

--00—ԱՊ