ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։
Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Օկամպոն նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։
«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։ Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։ Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասաց Օկամպոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ