ԲՏԱ փոխնախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետության տեսլականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

l-0x86wh-2048x1193z-0.3838

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ի շրջանակներում հանդիպում-քննարկում է ունեցել միջոցառման մասնակիցների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

Խարույկի շուրջ անկեղծ և անմիջական զրույցի ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակը, պետության տեսլականը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ընդգծելով նախարարության ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությանը, մշակվող օրենքի նախագծերին և իրականացվող ծրագրերին:

Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ հայ ինժեներները մշտապես առանձնացել են՝ բարդ և խրթին լուծումներ տալով գրեթե անլուծելի թվացող խնդիրներին, և վստահություն հայտնել, որ հենց դա է լինելու հաջողության գրավականը՝ Հայաստանը ինժեներական և տեխնոլոգիական կենտրոն դարձնելու գործում:

Մասնակից թիմերի երիտասարդ ղեկավարները կիսվել են իրենց գաղափարներով, նախագծերի նախատիպերով: Ռուբեն Սիմոնյանն էլ իր հերթին խրախուսել է վերջիններիս, որ վստահորեն առաջ շարժվեն  իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար։

«Երազանքներին նվիրված լինելը և դրանք իրականություն դարձնելն է այն շարժիչ ուժը, որ միշտ ինձ մոտիվացրել է իմ գործունեության ընթացքում։ Երազանքներին հավատալը և դրանք իրականություն դարձնելու ձգտումը, ամեն օր ինձ նոր էներգիայով է լցնում, նոր հույսով, ուժ է տալիս շարունակելու, պայքարելու և իմ ներդրումն ունենալու մեր ընդհանուր նպատակի իրականացման և մեր պետության զարգացման մեջ։

Ամեն փոքր հաղթանակ ձեզ ավելի կմոտեցնի երազանքի իրականացմանը: Երբեք մի հանձնվեք, երբ դժվարություններ հանդիպեն ձեր ճանապարհին: Այդ դժվարությունները թող դառնան հնարավորություններ՝ աճելու և ուժեղանալու համար»- նշել է նախարարի տեղակալը:

--00—ՅՄ