ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ:
Դրանով կապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում (եվրոյի և ԱՄՆ դոլարի փոխարկման հաշվարկների համար հիմք է ընդունվել 2024թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված արտարժույթի փոխարժեքները՝ 1 ԱՄՆ դոլար=402.39 դրամ, 1 եվրո=424.48 դրամ):
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել Երևան քաղաքի թվով 28 փողոցներում լուսավորության հենասյուների փոխարինման/ամրացման, առկա վերգետնյա մալուխները ստորգետնյա կապուղիներով անցկացման, առկա լուսատուները LED տիպի լուսատուներով փոխարինման աշխատանքների իրականացումը:
Ներկայումս աշխատանքները ընթանում են Երևան քաղաքի Մյասնիկյան, Աճառյան, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետություն, Թումանյան և Խորենացի փողոցներում: 2024թ. փետրվար ամսին ընդունվել են 2023թ. նոյեմբեր ամսին Մյասնիկյան, Աճառյան և Ամիրյան փողոցներում մասնակի կատարված աշխատանքների դիմաց ներկայացված կատարողականները, որոնց համար վճարումները դեռևս չեն կատարվել՝ վարկային և դրամաշնորհային միջոցների հասանելիության ժամկետների ավարտի պատճառով:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 183,120.7 հազ. դրամով:
Նախագծի ընդունմամբ կշարունակվեն աշխատանքների իրականացումը, որոնց արդյունքում կապահովվի բարելավված, բարձր մակարդակի և անխափան լուսավորություն, ինչպես նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ կիրառելով ավելի արդիական և էներգախնայող ԼԵԴ լուսատուներ:
2024 թվականին իրականացվելիք աշխատանքները ամբողջական ծրագրի իրականացման մասնաբաժնում նախատեսվում է որ կկազմեն 31 %:
--00—ՅՄ