ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը դատական հայց է ներկայացրել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքի, բրիտանացի գրող՝ «Հարի Փոթերի» պատմվածքների շարքի հեղինակ Ջոանա Ռոուլինգի և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Մարզիկի փաստաբան Նաբիլ Բուդին ասել է, որ Խելիֆը բողոք է ներկայացրել ֆրանսիական դատախազություն՝ գենդերային թեստի հետ կապված սկանդալից հետո զանգվածային առցանց ահաբեկման պատճառով: Հայցը ներկայացվել է X սոցիալական ցանցի դեմ: Բողոքում նշվում են նաև նրա սեփականատեր Իլոն Մասքը, Հարի Փոթերի գրքերի շարքի հեղինակ Ջոանա Ռոուլինգը և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախկինում հրապարակայնորեն քննադատել էր Խելիֆի ելույթը Փարիզի Օլիմպիական խաղերում:
Հիշեցնենք, որ Իմանը Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում մասնակցել է բռնցքամարտի կանանց մրցաշարին։ Եզրափակիչում նա հաղթել է չինուհի Յան Լյուին։ Այս հաղթանակը Ալժիրի համար առաջինն էր Օլիմպիական խաղերում կանանց բռնցքամարտի պատմության մեջ։
Խելիֆը այն մարզիկներից մեկն էր, որը 2023 թվականին բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կողմից անցկացված աշխարհի առաջնությունում ձախողվեց գենդերային թեստը, սակայն նրան թույլ տվեցին մասնակցել Օլիմպիական խաղերին:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ