Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

հ.p

ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից):

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

--00--ԼՀ